25/01/2021 11:33
Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն ստացվել. ԲՀԿ պատգամավոր (Տեսանյութ)
Խորհրդարանում կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ է գումարվել: Նիստի սկզբում իմքայլական Արտակ Մանուկյանը, դիմելով ներկաներին, նկատեց, որ ներքաշվում են մի գործընթացի մեջ, որի արդյունավետության գնահատականը դեռ աշխարհում չկա:
«Ո՞նց ենք պատկերացնում գնահատել այս հանձնաժողովի առաքելությունը որպես արդյունավետություն», - ասաց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ առ այս պահը չեն ստացել կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ:
«Covid հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ շտապօգնության մեքենաները չէին արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ էր առողջապահության նախկին նախարարն իր համար ստեղծել ֆավորիտ բժշկական հաստատությունների ցանկ և միայն այդ բուժհաստատություններն էին ստանում պետպատվերը», - հարցերը թվարկեց Զոհրաբյանը:
Նրա կարծիքով՝ հանձնաժողովը բավականաչափ օրակարգ ունի քննարկելու, հասկանալու, թե ինչ բացթողումներ են եղել, որ Հայաստանը թե մահացության, թե վարակվածության թվով աշխարհում շարունակում է առաջատարներից մեկը լինել: