26/01/2021 17:30
Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. Զարիֆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ТАСС-ը:
«Մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից», - ասել է նա:
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը «մեծ ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար:
«Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերով գտնվեց մի լուծում, որը շատ նման է մեր առաջարկածին: Եվ այն բերվել է գործնական հարթություն», - ավելացրել է Զարիֆը:
«Կարծում եմ, որ այսօր նախապատրաստվել են պայմաններ Ղարաբաղի բարգավաճման համար, հիմք է նախապատրաստվել տնտեսական և տրանսպորտային նախագծերի շուրջ համագործակցության համար», - ասել է Զարիֆը: