26/01/2021 11:09
«Նիկոլ Փաշինյանը թող ևս մեկ անգամ մտածի՝ գնա՞ այդ քայլին, թե՞ ոչ». Վահե Հակոբյանը պատրաստ է ձերբակալության
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը պնդում է՝ իրեն հարցաքննության հրավիրելը քաղաքական հետապնդում է։
«2019 թվականին ուսումնասիրություն են արել, ես ձեզ ասեմ՝ նպատակային է եղել այդ ուսումնասիրությունը, տեսել են, որ ես մի քանի օր բացակայել եմ երկրից՝ չձևակերպելով արձակուրդ ու այս հարցը բարձրացնում են հիմա. մեկնաբանությունները թողնում եմ ձեզ», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։
Նա անպայման ներկայանալու է հարցաքննության։
Հարցին՝ արդյոք այս ամենը կարող է կապ ունենալ այն տեղեկության հետ, որ ինքը փորձում է կուսակցություն հիմնել ու մտնել քաղաքականություն, Սյունիքի նախկին մարզպետն արձագանքեց. «Չեմ փորձելու, հիմնելու եմ ու մտնելու եմ»։
Սպասո՞ւմ է ձերբակալության, Վահե Հակոբյանն արձագանքեց. «Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ ևս մեկ անգամ մտածի՝ գա՞ Սյունիք, թե՞ ոչ, հիմա ևս մեկ անգամ ասում եմ՝ թող ինքը ևս մեկ անգամ մտածի՝ գնա՞ այդ քայլին, թե՞ ոչ»։
Վահե Հակոբյանը դիմեց նաև իրավապահ մարմիններին՝ նշելով, որ իրենք, կատարելով ապօրինի հրամաններ, դառնում են հանցագործներ։
«Հետո իրենք, որ ասեն՝ «մենք կատարում էինք հրաման», դրա տակ չեն պախկվելու։ Ոչ միայն իմ նկատմամբ, առհասարակ, ով անի ապօրինի, ոչ իրավական քայլեր, վերագրվում են հանցագործների», - ասաց Հակոբյանը։
Սյունիքի նախկին մարզպետն ընդգծեց՝ երեք տարի է՝ սպասում է, որ իրեն կձերբակալեն։
«Ես պատրաստ եմ, ոչ մի դեպքում չեմ վախենում, ուզում են այդ քայլերով գնան ու արագացնեն իրենց վերջնական կործանումը, իրենք արդեն գլորվում են անդունդը, ուզում են հատակին հասնեն՝ կհասնեն», - հավելեց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Վահե Հակոբյանը հունվարի 29-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում հրավիրվել է հարցաքննության։