26/01/2021 10:31
Վահե Հակոբյանին կանչում են հարցաքննության, երբ նա քաղաքական հայտարարություններ է անում. Փաստաբանները պնդում են՝ քաղաքական հետապնդում է
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ, այս մասին հայտարարություն են տարածել Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։
«Հայտարարության մեջ նշված է նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Եթե քրեական գործը հարուցվել է հենց Վահե Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ (իսկ քննչական կոմիտեի հայտարարությունից այդպես է երևում) այլ ոչ թե այլ անձանց կողմից,ապա հարկ է արձանագրել, որ ՔԿ-ի հայտարաության մեջ առկա հետևյալ ձեւակերպումը՝ «Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ» արդեն իսկ խախտում է պարոն Հակոբյանի անմեղության կանխավարկածը։
Բացի դրանից, ըստ այդ հայտարարության՝ 2019թ. ստուգումներ են կատարվել, ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ էլ նշված փաստով քրեական գործը հարուցվել է: Հետևաբար՝ տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածում ինչի՞ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել, իսկ դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքական հայտարարություններ է կատարում: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում», - նշված է հայտարարությունում։