28/01/2021 11:22
Բարդ աշխատանք է, շատ-շատ հարցեր կան. Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը
Հունվարի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։
«Հանդիպման օրակարգի շրջանակները դեռևս զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավելի կոնկրետացում չունենք, կհանդիպենք՝ կտեսնենք», - այսօր լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում ապաշրջափակումն ամբողջությամբ, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բարդ աշխատանք է շատ-շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն ու կարգավորվեն, բայց հնարավոր համարում եմ»։
Նրա խոսքով՝ բազմաթիվ բաղադրիչներ կան, այդ թվում, անվտանգության։
«Վստահ եմ՝ խնդրի լուծման համար բոլոր բաղադրիչները պետք է ենթարկվեն փորձաքննության, որ ձևավորվի համակարգ, որն, իրոք, կաշխատի», - հավելեց ՀՀ փոխվարչապետը։
Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։
Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։