29/01/2021 12:05
Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան. Պաշտպան
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին երեկ ուշ երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով արարք կատարելու համար, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
«Մեղադրանքն առաջադրվել է երեկ երեկոյան, և բավական ուշ ժամ էր արդեն, երբ կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Սպասում ենք՝ առաջիկա ժամերին դատարանից տեղեկացնեն, թե երբ է նշանակվելու նիստը», - ասաց Արայիկ Պապիկյանը։
Նա նշեց նաև, որ Վահան Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
«Իր խոսքը նա կասի դատարանում», - ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Բադասյանի առողջական վիճակին, պաշտպանն ասաց, որ քննչական գործողություններ իրականացնելիս նրա մոտ զարկերակային ճնշման խնդիր է եղել, այլ գանգատներ չի ունեցել։
Հիշեցնենք՝ Բադասյանը երեկ բերման էր ենթակվել ԱԱԾ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արած հայտարարությունից հետո։
Երեկ Եռաբլուրում Վահան Բադասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև՝ որպես թշնամի։
Դիտարկմանը, որ վարչապետը չի հեռանում, Բադասյանն արձագանքել էր.
«Ուրեմն կվերացնենք, ֆիզիկապես, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։