29/01/2021 13:29
Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսն առավել բարձր է եղել Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Երևանում. ԱՆ
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում, հայտնում են ԱՆ-ից:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.
• եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ հեռավորություն,
• կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից,
• տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս (խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,
• սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը,
• սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: