30/01/2021 14:41
Նիկոլ Փաշինյանի նպատակն էր պատերազմի իմիտացիայով հանձնել Շուշին ու ինքը դա արել է. Իշխան Սաղաթելյան
«Մենք գործ ունենք անամոթ, դավաճան մի մարդու հետ, ով ամեն անգամ փորձում է պոպուլիզմի միջոցով ինչ-որ մի բան ասել, հետո արդարացնել, հետո փորձել ժողովրդին մոլորեցնել», - Շուշիի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերն այսպես է մեկնաբանում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ակնհայտ է, որ այդ մարդու գործունեության հետևանքով մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, մասնավարապես, նաև Շուշի քաղաքը։ Հիմա իր արդարացումները մեկնաբանելն անիմաստ գործ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի անհնար է համարում։
«Դա պարզապես անհնար էր, պարզապես Նիկոլ Փաշինյանի նպատակն էր պատերազմի իմիտացիայով հանձնել Շուշին ու ինքը դա արել է, մնացած իր ասածները իր արած դավաճանությունը արդարացնելու համար է։ Ակնհայտ է, որ ինքը հետևողականորեն տարել է մեզ պարտության։ Ամեն ինչ այնքան անտրամաբանական ու ծիծաղելի է. այսինքն՝ ինքը գերադասեց չհամաձայնել փախստականների վերադարձին, բայց գերադասեց կռվի իմիտացիայով հանձնել Շուշի՞ն, ո՞րն է սրա տրամաբանությունը», - նշեց նա։
Դաշնակցական գործչի համար տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանն, ի վերջո, այդպես էլ չտվեց մեկնաբանություն՝ հիմա Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է։
«Ինքը պետք է դա ասեր, պետք է հասկանանք նաև, որ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ասո՞ւմ է, թե՞ չէ», - հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիի վերաբերյալ այսօր ուղիղ եթերով պարզաբանում է տվել՝ բացատրելով, թե ինչու չի համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի հետ, որով նախատեսվում էր Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների վերադարձը Շուշի՝ հայկական կողմից վերահսկողությունը պահպանելով։
«Այսինքն՝ երբ որ մենք համաձայնել էինք պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, այս նոր պայմանը հետևյալն էր՝ Շուշի պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992 թվականի գոյություն ունեցած ստատուս քվոյի, իսկ, դրա համաձայն, այն, ինչ որ առաջարկվում էր, առաջարկվում էր, որ մենք արձանագրում ենք, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երբ որ սա պարզ դարձավ, շատերն իրեն մեղադրում էին, որ տարբերակ է եղել Շուշին կարգավիճակով մնա հայկական, ինքն էլ չի օգտագործել հնարավորությունը։
«Ես արձագանքել եմ ընդամենն այդ արձագանքներին, թե ովքեր են ու ինչպես են համարում, որ Շուշի քաղաքում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո», - ասել էր վարչապետը։