30/01/2021 11:29
Ինչո՞ւ Փաշինյանը չի համաձայնել ադրբեջանցի փախստականների վերադարձին Շուշի՝ պահպանելով հայկական վերահսկողությունը (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիի վերաբերյալ այսօր ուղիղ եթերով պարզաբանում տվեց՝ բացատրելով, թե ինչու չի համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի հետ, որով նախատեսվում էր Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների վերադարձը Շուշի՝ հայկական կողմից վերահսկողությունը պահպանելով։
«Հիմա հարց՝ ինչո՞ւ եմ ես Ազգային ժողովում այս խոսակցությունը բացել, մի պարզ պատճառով, որովհետև պատգամավորն ինձ հարցրել է՝ «ՌԴ նախագահը ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո»։ Այսինքն՝ «հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի հարցին՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո պատերազմը կանգնեցնելու պայմաննների վերաբերյալ», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու մասին, երբ որ Ադրբեջանը պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ, խոսքը վերաբերում էր 1992 թվականի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու հնարավորության մասին։
«Այսինքն՝ երբ որ մենք համաձայնել էինք պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, այս նոր պայմանը հետևյալն էր՝ Շուշի պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992 թվականի գոյություն ունեցած ստատուս քվոյի, իսկ, դրա համաձայն, այն, ինչ որ առաջարկվում էր, առաջարկվում էր, որ մենք արձանագրում ենք, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երբ որ սա պարզ դարձավ, շատերն իրեն մեղադրում էին, որ տարբերակ է եղել Շուշին կարգավիճակով մնա հայկական, ինքն էլ չի օգտագործել հնարավորությունը։
«Ես արձագանքել եմ ընդամենն այդ արձագանքներին, թե ովքեր են ու ինչպես են համարում, որ Շուշի քաղաքում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո», - ասաց վարչապետը։
Փաշինյանը պնդեց՝ պատերազմը կանգնեցնելու այդ պայմանը 90 ու ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն էր ու այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։
«Մենք այստեղ պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել 20-րդ դարի սկզբին, այլ քննարկել ենք մի շատ կոնկրետ իրավիճակ, երբ որ պատերազմը կանգնեցնելու մի նախապայման-պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի։ Սա, իմ կարծիքով, որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ու մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահոսկության ներքո», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա ևս մեկ անգամ բառացի մեջբերեց Ազգային ժողովում Շուշիի վերաբերյալ հնչեցրած իր խոսքը։
«Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները, ոչ միայն հիմա, ընդհանրապես, բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է՝ իր այդ կարգավիճակո՞վ», - նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ «դուք համարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է»։