01/02/2021 11:32
Կորոնավիրուսի բացասական թեստով քաղաքացիներին չի թույլատրվում մեկնել ՌԴ. լարված իրավիճակ՝ օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Հունվարի 30-ին կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիներն այսօր թեստի բացասական պատասխանով չեն կարող մեկնել Ռուսաստան, քանի որ լաբորատորիաները, որտեղ թեստավորվել են, երկրից մեկնել ցանկացողներին թեստավորելու թույլտվություն այլևս չունեն:
«Պրոմ-թեստ» լաբորատորիայի օդանավակայանում աշխատող ներկայացուցիչը մեկնաբանեց, որ այսօրվանից նոր կարգ է գործում, իսկ իրենք թույլտվություն չունեն՝ համապատասխան թուղթը տրամադրելու:
«Մեզ երեկ զգուշացվել է, որ մենք, նոր օրենքի համաձայն, այլևս չենք կարող վերցնել անալիզ այն մարդկանցից, ովքեր մեկնում են Ռուսաստան ու Բելառուս», - ասաց նա:
Քաղաքացիներից մեկն էլ ասաց. «Տոմս գնելիս, եկել, հետաքրքրվել եմ, ասել են՝ թեստ հանձնեք, եթե բացասական է՝ խնդիր չկա, գնացեք, կթռնեք: Էսօր եկել ենք, էս վիճակն է, հեռախոսը կոդը չի «կարդում»: Փող աշխատելու ձև ա»:
« «ԷկոՍենս»-ում եմ հանձնել, ասել են՝ անցնում է: Բայց իմ ինքնաթիռն արդեն թռել է», - նշեց մեկ այլ անձ:
Երևան-Մոսկվա թռիչքը ժամը 12:00-ին է: Օդանավակայանում, տոմսերը ձեռքին, խնդրի առաջ կանգնած քաղաքացիները փորձում են հասնել նրան, որ չվերթը հետաձգվի: Այդ դեպքում պատրաստ են այլ կազմակերպությունում թեստավորվել:
«Մարդ կա՝ ավտո, կով ա ծախել, որ տոմս առնի», - ասաց քաղաքացիներից մեկը: