04/02/2021 13:08
Ղազախստանը և Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ և քննարկել նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման շրջանակներում բանակցություններ են վարվել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առկա իրավիճակի և համագործակցության հեռանկարների շուրջ: Նախարար Բ. Աթամկուլովը նշել է «Kazakhstan Aselsan Engineering» ղազախ-թուրքական համատեղ ձեռնարկության արտադրական հաջողություններն օպտիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում», - ասվում է հայտարարության մեջ:
Աթամկուլովը նաև շնորհակալություն է հայտնել հյուրին կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար. Թուրքիայի օժանդակությամբ Ղազախստանը ձեռնամուխ է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրությանը:
Բանակցություններից հետո կողմերն ընդգծել են Ղազախստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը: