04/02/2021 16:45
Ադրբեջանի աշխատանքի նախկին նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի համար կասկածանքով
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախկին նախարար Սալիմ Մուսլիմովին ձերբակալելու մասին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի կասկածանքով:
«Պետական անվտանգության ծառայությունը ուսումնասիրել է Մուսլիմով Սալիմ Յանվար օղլուի կողմից Ադրբեջանի Հանրապետության բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու տարիներին բազմաթիվ չարաշահումների փաստերը: Պարզվել է, որ չարաշահումներ են թույլ տրվել հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաների վերականգնման և սոցիալական պաշտպանության կազմակերպման, նախարարության գործունեության ոլորտներում աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության գործատուների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ընթացքում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «հավաքված նյութերի հիման վրա հաստատվել է, որ Սալիմ Մուսլիմովը միտումնավոր օգտագործել է իր պաշտոնական լիազորություններն անձնական շահի համար՝ ապօրինի արտոնություններ ստանալու նպատակով»:
Ինչպես նշված է գերատեսչությունում՝ Մուսլիմովն անցնում է քրեական գործով 308.2 (պաշտոնեական դիրքի չարաշահում, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների) 311.3.2 և 311.3.3 (խոշոր չափի կաշառք ստանալու մասին) հոդվածներով:
«Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքի տեսքով: Կատարվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ», - ասվում է հաղորդագրության մեջ: