04/02/2021 15:51
Այնպես չէր, որ մինչև կորոնավիրուսը կրթության վիճակը շատ լավ էր և հիմա միանգամից աղետային դարձավ, բայց բացասական հետևանքներ կլինեն. Փորձագետ
Նոր վիրուսի ստեղծած նոր իրավիճակում մեզ համար նոր իրականություն ձևավորվեց գրեթե բոլոր ոլորտներում: Բարևելիս չհամբուրվելուց, դիմակով շրջելուց ու նմանօրինակ բաներից զատ, փոփոխություններ եղան նաև կրթական համակարգում՝ անցանք հեռավար ուսուցման:
Կորոնավիրուսային իրավիճակն ինչպե՞ս անդրադարձավ կրթության վրա և դրա հետևանքով կրթական ի՞նչ որակ ունենք այսօր: Aysor.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատեց.
«Այնպես չէր, որ մինչև կորոնավիրուսը կրթության վիճակը շատ լավ էր և հիմա միանգամից վիճակն աղետային դարձավ: Բայց, անշուշտ, որոշակի բացասական հետևանքներ կլինեն»:
Այսպես, երեխաները հիմա դպրոց են գնում շաբաթական 3 օր, մինչդեռ ծրագիրը նախատեսված է 5 օրվա համար: Փորձագետի խոսքով՝ այդ պարագայում ծրագրից հետ մնալու խնդիր կա, նաև ինքնուրույն աշխատանքի ծավալն է մեծանում:
«Շատ բան երեխան արդեն պետք է ինքնուրույն անի: Այս իմաստով, իհարկե, որակի հետ կապված որոշակի խնդիրներ առաջանում են», - նշեց նա՝ խոսելով սահմանափակումների նաև մեկ այլ բացասական հետևանքի մասին:
Փորձագետի խոսքով՝ երեխաները սոցիալական էակներ են ու նրանց համար շփումը շատ կարևոր է: Բայց հեռավար կրթությունը դրական կողմեր էլ ունի: Ըստ Խաչատրյանի՝ դրանք պետք է կիրառել՝ անկախ վիրուսի գոյության հանգամանքից:
Չպետք է անտեսել նաև այս օրերի բացերը լրացնելու խնդիրը: Ահա թե ինչու Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ առաջիկա տարիներին պետք է շեշտը դնել ամառային ճամբարների ու երկարօրյա ուսուցման վրա.
«Անկախ ամեն ինչից, այս ընթացքում շատ երեխաներ շատ բան բաց թողեցին: Բայց ավելի բարդ վիճակում են Արցախի երեխաները: Նրանք ավելի շատ տուժեցին»:
Նրանց պարագայում կորոնավիրուսին գումարվեցին նաև պատերազմի հետևանքները: Արցախցի աշակերտների շրջանում կրթության փորձագետը երկու խումբ է առանձնացնում: Մի խումբն Արցախ վերադարձածներն են: Նրանց համար բարդությունը պատերազմական գոտու դպրոցում սովորելն է, այդտեղ բոլորը ծանր վիճակում են: Խաչատրյանը բարձրաձայնում է, որ այդ երեխաներին նաև հոգեբանական աջակցություն է պետք: Ուսուցիչների հետ պետք է աշխատել, որ նրանց ճիշտ մոտեցում ցուցաբերեն:
Երկրորդ խումբն էլ առ այսօր Հայաստանում սովորողներն են: Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ավելի բարդ է Հայաստանում գտնվող երեխաների վիճակը՝ տուն, ոմանք նաև հարազատներ են կորցրել, հիմնական դասարանից էլ կտրված են։