04/02/2021 17:41
Հեռավար կրթության հնարավորությունները պետք է շարունակել կիրառել՝ անկախ վիրուսի գոյության հանգամանքից. Սերոբ Խաչատրյան
Կրթության ոլորտում կորոնավիրուսը դժվարություններից բացի, նաև, այսպես ասած, նոր «դաս տվեց»: Պարզ դարձավ, որ շատ բաներ հնարավոր է անել նաև հեռավար տարբերակով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռավար կրթությունը դրական շատ կողմեր ունի, որոնք պետք է շարունակել կիրառել՝ անկախ վիրուսի գոյության հանգամանքից:
«Իհարկե, շատ փոքր երեխաների համար՝ այդքան էլ չէ, բայց օրինակ, 6-րդ դասարանից բարձր երեխաների համար շատ հնարավորություններ ունի: Դպրոցներում տեխնոլոգիաների խնդիր ունենք՝ դասարնում չկա համակարգիչ, պրոյեկտոր, և հաճախ ուսուցիչը շատ բաներ չի կարողանում երեխաներին ցույց տալ: Հեռավար կրթության դեպքում նստած եք համակարգչի դիմաց, և ձեռքի տակ կարող են լինել ֆիլմեր, համապատասխան նյութեր, որոնք կարող եք երեխաներին ցույց տալ», - նկատեց փորձագետը:
Նրա խոսքով՝ հեռավար տարբերակով հնարավոր է ուսուցումն ավելի ճկուն կազմակերպել: Օրինակ, եթե նախկինում երեխան պետք է 45 րոպե նստեր դասի, հիմա ուսուցիչը կարող է երեխաներին ուղարկել, ասենք, 15 րոպեանոց տեսանյութ, երբ հարմար է՝ նայեն, նշված ժամին հավաքվեն քննարկելու:
Միայն թե, որպեսզի այդ ամենը տեղի ունենա, Սերոբ Խաչատրյանը կարևորում է կրթության նկատմամբ երեխայի հետաքրքրությունը:
Նաև նշում է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ուսուցիչների թվային գրագիտության բարձրացմանը: