05/02/2021 17:27
Կոնստանտին Իշխանովը սատարեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նախաձեռնությանը
Գաղտնիք չէ, որ անցած տարին իսկական փորձություն էր ողջ երկրագնդի համար: Իհարկե, այս աղետալի իրավիճակը չէր կարող չանդրադառնալ հայ երաժիշտների գործունեության վրա:
Հանրահայտ Արամ Խաչատրյանի անվան տրիոն, որը վերջին տարիներին հաճախակի և ակտիվորեն համերգային շրջագայոյթյուններ էր ունենում ամբողջ աշխարհով մեկ, ստիպված եղավ գրեթե մեկամյա դադար վերցնել։ 2020-ին երեք մեծ շրջագայություն` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում տեղի չունեցան: Դժվար է պատկերացնել, թե երաժիշտների համար, ովքեր սովոր են տարեկան շուրջ 70-80 համերգ նվագել աշխարհի տարբեր բեմերում, ինչ է նշանակում «փակվել» տանն ամիսներ շարունակ, Իրավիճակ, երբ ապագան կանխատեսելի չէ։
Բարեբախտաբար, լույսը տեսանելի է թունելի վերջում. այս պահին անսամբլը պատրաստվում է մեծ համերգային շրջագայության, որը տեղի է ունենալու 2021 թվականի մարտին` Ռուսաստանի քաղաքներում ։ Իսկ փետրվարի 10-ին Խաչատրյան տրիոն մեծ դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։ Սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, տրիոյի հիմնադիր թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարողանալու ներկա լինել ելույթներին, նրան կփոխարինի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը:
Երաժիշտների կարծիքով՝ առաջիկա համերգների ոգևորությունը համեմատելի է առաջին անգամ բեմ բարձրանալու հետ:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։ Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաև փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ և երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին և անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին մեզ այս հնարավորությունն ընձեռելու համար»,-նշեց եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Կոնստանտին Իշխանովը նշեց, որ ինքը վաղուց ծանոթ է Խաչատրյան տրիոյին և միշտ հետևում է նրանց ելույթներին.
«Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք բավականին հաճախ և հաջող համագործակցել ենք: Խաչատրյան տրիոն ելույթ ունեցավ մեր փառատոններին՝ Մալթայում, Ղազախստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել անսամբլին վերադառնալ լիարժեք համերգային գործունեության: Արժանապատիվ հայ երաժիշտների, ինչպիսիք են Խաչատուրյան տրիոյի անդամները, զարգացումը և հաջող կարիերան ինձ համար շատ կարևոր են: Հուսով եմ, որ մեկ անգամ չէ, որ կհանդիպենք մեր նախագծերի շրջանակներում»:
Փետրվարի 10-ին, ժամը 19.00-ին Երևանի Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, ինչպես նաև՝ կհնչի Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն, որը կատարվելու է առաջին անգամ: