05/02/2021 17:24
Զոհվելուց ժամեր առաջ էր տեղեկացել, որ շուտով իրեն կհանձնվեն գնդապետի ուսադիրները. Մատաղիսի հրամանատարի ու կամավորական եղբոր պատահական հանդիպումը
Վերջին 4-5 ամիսներին հայաստանյան «եռաբլուրները», ցավոք, ժամ առ ժամ են հարստանում ու երիտասարդանում, կողք կողքի հարևանանում են զինվորն ու սպան՝ շարքայինը, կապիտանը, փոխգնդապետն ու գնդապետը: Նրանց կողքին է նաև շամլուղցի 35-ամյա փոխգնդապետ Արմեն Բեժանյանն, ով դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ուղևորվել էր Երևան՝ երազանքն իրականացնելու ու զինվորական կրթություն ստանալու:
Ուսանելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես սպա առաքելությունը շարունակում է Արցախում: Մատաղիսի զորամասի շտաբի պետ, 18 տարվա փորձառու զինվորականը սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի օրերին հանգամանքների բերումով նշանակվեց զորամասի հրամանատար:
Արմենն ամուսնացած էր, երկու բալիկ ունի՝ 6-ամյա Հայկն ու 10-ամյա Լինան: Ընտանիքի 4 զավակներից ավագն էր, իրենից կրտսեր եղբայր ու երկու քույր ունի:
Պատերազմն Արմենի ընտանիքից շատերին տարավ ռազմադաշտ. հորեղբոր որդին՝ Անդրանիկ Բեժանյանը, պատերազմի մասին իմացավ սեպտեմբերի 27-ի առավոտյան, անմիջապես «հավաքեց» Երևանի պետական համալսարանի ընկերների հեռախոսահամարներն ու պայմանավորվեցին՝ Արցախն իրենց կարիքն ունի, պետք է կամավորագրվել:
«Ես Լոռու մարզում եմ ապրում: Ամսի 27-ի երեկոյան արդեն Երևանում էի, 28-ի առավոտյան տղաների հետ՝ 10 հոգով, շարժվեցինք Արցախ: Մեզ միանգամից առաջնագիծ չուղարկեցին՝ ասելով, որ անհրաժեշություն դեռ չկա: Մի քանի օր Ստեփանակերտում ու Շուշիում էինք: Ամսի 2-ին ստիպված գնացինք Ազատամարտիկների միություն՝ խնդրելու՝ գոնե իրենք մեզ առաջնագիծ ուղարկեն», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Անդրանիկը:
Անդրանիկ Բեժանյան
Տղաներին այս անգամ լսեցին ու հյուսիսային ուղղությամբ գտնվող դիրքերից մեկն ուղարկեցին: Երբ արդեն զինվել ու պարաստվում էին առաջնագիծ գնալ, նկատեցին՝ Մատաղիսի զորքը նահանջում է: Կանոնավոր բանակի կազմի հետ նաև կամավորներին մոտակա զորամաս տեղափոխեցին: Հենց այդտեղ էլ Անդրանիկն իմացավ, որ հորեղբոր հրամանատար որդին նույն զորամասի տարածքում է:
«Չէի ուզում ներկայանալ, թե ես ով եմ, բայց նաև չէի կարողանում եղբորս գտնել: Զորքին տեղափոխեցին այլ վայր՝ նոր բնագծեր զբաղեցնելու: Առավոտյան մենք էլ դիմեցինք տեղափոխվելու համար, մեքենա տրամադրեցին, տեղափոխվեցինք: Պարզվեց նորից հայտնվել ենք այն նույն վայրում, որտեղ Մատաղիսի զինվորներն էին տեղակայվել: Հեռվից 30-40 հոգու մեջ նկատեցի եղբորս պարզ ճակատը: Մեր ջոկատից Վահագնի ու Սարկիսովի հետ մոտեցանք նրան՝ ներկայանալու ու հրահանգներ ստանալու», - հուզմունքով մտաբերում է զրուցակիցս:
Փոխգնդապետ Արմեն Բեժանյանի ընտանիքը
Արմեն Բեժանյան
Երբ արդեն հրամանատարի դաշտային «աշխատասենյակում» էին, Անդրանիկի աչքից չվրիպեց փոխգնդապետի՝ գետնին սևեռված խիստ ու մտահոգ հայացքը: Նկատում է՝ հուզմունքն այնպես էր կոկորդը սեղմել, որ չգիտեր՝ ինչպե՞ս ներկայանալ, գրկախառնվեր եղբոր հե՞տ, թե՞ հրամանատարին պատվի առներ: Ի վերջո՝ «խոսեց» արյունը, պատերազմի դաշտում պատահաբար հանդիպած եղբայրներն առանց մի բառ ասելու գրկախառնվեցին:
«Նրա զարմացած ժպիտն անընդհատ աչքերիս առջև է... Այդ օրը խոսեցինք մեր անելիքների, մեր՝ կամավորներիս առջև դրված խնդիրների մասին: Ու մինչև հերթափոխն, ամբողջ ընթացքում Մատաղիսի զորքի հետ ենք եղել», - կարծես թե կարոտով՝ նշեց նա:
Ի սկզբանե Անդրանիկն ընկերներին զգուշացրել էր՝ զորքը չպետք է իմանա, որ ինքը հրամանատարի եղբայրն է. սպաներն այդկերպ իրեն հատուկ ուշադրության չէին արժանացնի, զինվորներն էլ չէին կաշկանդվի:
Արմեն Բեժանյան
Փոխգնդապետ Արմեն Բեժանյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին: Դեպքից ժամեր առաջ խիզախ հրամանատարին հրավիրել էին դիվիզիա ու տեղեկացրել՝ գնդապետի ուսադիրներն արդեն «պատրաստ» են ու շուտով իրեն «կհանձնվեն»: Ավաղ՝ դրանք այդպես էլ տիրոջը չհասան…
«Հոկտեմբերի 13-ին իրենց ուղղությամբ թշնամին նորից սկսեց ակտիվանալ, մեծ հարձակում է եղել, աշխատել են գրեթե բոլոր զինատեսակները: Արմենն, ինչպես միշտ, անմիջապես գնացել է նոր բնագիծ՝ առաջնագծի զինվորների մոտ: Հենց այդտեղ էլ զոհվել է», - մի կերպ զսպելով կուտակված արցունքները՝ մանրամասնեց Անդրանիկ Բեժանյանը:
Հրամանատարի զոհվելու մասին առաջինը տեղեկացրել են կրտսեր եղբորը՝ Սուրենին: Անդրանիկը, հերթափոխով պայմանավորված, դեպքից ընդամենը մեկ օր առաջ էր Արցախից Երևան վերադարձել՝ հանգստանալու ու կրկին Արցախ մեկնելու: Գալուց առաջ՝ հոկտեմբերի 12-ին, հրամանատար և կամավորական եղբայրները հանդիպել էին, այդ օրերին առաջին անգամ դեսից-դենից երկար զրուցել: Անդրանիկը պատմել էր, որ մահից րոպեներ առաջ իրենց պապն ասել էր. «Ամեն ինչ տեսա, բայց չհասցրեցի Արմենին գեներալ տեսնեմ»: Լսում էր Արմենը, հարցեր տալիս, ժպտում ու եղբոր տարած նուռը հատիկ առ հատիկ վայելում: Այդ տեսարանն Անդրանիկի աչքից այդպես էլ չի անհետանում…
Արմեն Բեժանյան
Արմեն Բեժանյանի մարմինը դեպքի վայրից դուրս է բերվել զոհվելուց մոտ 40 օր հետո: Նոյեմբերի 20-ին հրամանատարը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում: Հենց այդ օրը նրան հետմահու շնորհվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
Կամավորականների ջոկատ
Անդրանիկի և ընկերների կազմած 10 հոգանոց կամավորական ջոկատից միայն մեկն է զոհվել՝ Գևորգ Արշակյանը. նոյեմբերի 6-ին Շուշիի մատույցներում վիրավորվել էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց: Գևորգն, ի դեպ, 2020-ի օգոստոսին էր զորացրվել, սակայն սեպտեմբերին պատերազմը նրան կրկին Արցախ վերադարձրեց:
«Գևորգը Մատաղիսում է ծառայել, միշտ ասում էր՝ Մատաղիսի թագավորությունն անգիր գիտեմ: Երբ մենք Ստեփանակերտում ու Շուշիում էինք, անընդհատ կապ էր պահում Մատաղիսի տղերքի հետ ու մեզ պատմում, թե ինչ հերոսություններ է այնտեղ գործում փոխգնդապետ Բեժանյանը: Հետագայում էլ Մատաղիսի տղերքից շատ լսեցի Արմենի՝ հատկապես սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ն (Մատաղիսի նահանջը հոկտեմբերի 2-ին է եղել, հեղ.) ընկած քաջագործությունների մասին», - վերհիշեց Aysor.am-ի զրուցակիցը:
Արմեն Բեժանյան
Անդրանիկն ընդգծում է՝ եղբայրն անձնազոհ մարդ էր, կարող էր ոմանց պես իր հրամանատարական դիտակետում մնալ, բայց նախընտրեց մինչև վերջին վայրկյանն իր զինվորի կողքին լինել, թև ու թիկունք, խոսուն օրինակ լինել:
«Ես միշտ եմ նրանով հպարտացել, բայց այսուհետ նա իմ Նժդեհն է, իմ Մոնթեն, իմ Վարդանը»…