05/02/2021 16:00
ԱՀԿ-ում անհանգստացած են կորոնավիրուսի նոր շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետության հարցով
Կորոնավիրուսի նոր շտամների դեմ պատվաստանյութերի արդյունավետության խնդիրն ահանգստություն է հարուցում: Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Դա մեծ հարց է, որն անհանգստություն է հարուցում», - նշել է Կլյուգեն՝ պատասխանելով կորոնավիրուսի նոր տարբերակների դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին հարցին:
Նա ավելացրել է՝ բացառված չէ կորոնավիրուսի այլ, ավելի խնդրահարույց մուտացիաների հայտնվելը: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ընդհանուր ջանքերով արագացնի պատվաստման արշավը:
«Մենք պետք է միավորվենք գործընթացն արագացնելու համար: Դեղագործական ընկերությունները, որոնք սովորաբար մրցակցում են, պետք է հավաքականորեն կտրուկ ավելացնեն իրենց արտադրական կարողությունները: Սա է մեզ պետք հիմա», - ընդգծել է Կլյուգեն: