08/02/2021 11:39
Նիկոլ Փաշինյանն անձամբ ցույց տվեց՝ կպայքարեն այն դատավորների դեմ, ովքեր կհամարձակվեն Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր դասել պատվերներից. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստն ի սկզբանե անարդար է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ գործը հանձնվեց այն դատավորին, որին իշխանությունը հավատում էր, որի վրա ավելի արդյունավետ կարող էին ճնշում գործել։
«Դատավոր Աննա Դանիբեկյանն ուղղակի ընտրված է հենց այն չափանիշից ելնելով, որ ունի կոնկրետ որոշակի տեսակետեր գործի վերաբերյալ ու այդ տեսակետը խիստ հակասական է մեր տեսակետին», - ասաց Ալումյանը։
Փաստաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ ցույց տվեց՝ կպայքարեն այն դատավորների դեմ, ովքեր կհամարձակվեն Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր դասել պատվերներից։
Ալումյանը նկատեց՝ Քոչարյանին կամ ծայրահեղ լավ են վերաբերվում, կամ՝ ծայրահեղ վատ։
«Ու չի բացառվում, որ նույնն էլ դատավորների մեջ է, ես չեմ բացառում, որ Աննա Դանիբեկյանն այս մասից է, ում նախասիրությունները նախապես հայտնի էին», - ասաց Քոչարյանի փաստաբանը։
Ալումյանն ընդգծեց՝ Աննա Դանիբեկյանն այս գործով ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել։