08/02/2021 15:37
Քաղաքացիների հետ մեր շփումները չեն հաղորդել այնպիսի ազդակներ, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ կա. Մակունց
Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել, ուրեմն չկա այդ պահանջը, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Մեզ համար ընդդիմության կողմից՝ իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով, և դրանով է պայմանավորված եղել, որ ասել ենք՝ եկեք արտահերթ ընտորթւյուններ անցկացնելու տարբերակը քննարկենք», - ասաց Մակունցը։
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Մակունցն ասաց, թե շարունակելու են ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս կանդրադառան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։
Նա նշեց նաև, որ քաղաքացիների հետ իրենց շփումները չեն հաղորդել այնպիսի ազդակներ, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ կա։
«Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք անդրադառնալու արտահերթ ընտրություններին՝ արդեն ճանապարհային քարտեզն ամփոփելուց հետո», - ասաց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: