09/02/2021 11:36
Փաշինյանը հասկացել է, որ իր հանրային վարկանիշը շատ ցածր է և ուղղակի խուսափել է ընտրություններից. Գևորգ Պետրոսյան
Մենք շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որևէ եղանակով վարչական լծակի տիրապետելու պայմաններում անիմաստ է ընտրությունների գնալը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։
«Եթե Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե նա ինչ վայրագությունների հանձնարարություն է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել», - ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկացել է, որ իր հանրային վարկանիշը շատ ցածր է և ուղղակի խուսափել է ընտրություններից։
«Ինքն այլև չունի այն հեղինակությունը, որի մասին խոսում են: Նա այսօր ընդհանրապես վարկանիշ չունի։ Նա ժողովրդից է փախած։ Մենք այդպիսի ղեկավար չենք ունեցել, որ վախենալով, անձրևանոցների տակ, զրահապատ մտնի Եռաբլուր։ Նա անթաքույց արհամարհանք ու ատելություն ունի ընդդիմության նկատմամբ», - ասաց պատգամավորը։