09/02/2021 16:40
Մյանմայի ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 30 ցուցարարի
Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի, ոստիկանությունը բանակի իշխանության գալու դեմ ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20-30 մարդու: Այս մասին երեքշաբթի հայտնել է «Frontier Myanmar» ամսագիրը:
Ըստ աղբյուրի՝ ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ: Ըստ «Reuters»-ի՝ բերման է ենթարկվել 27 մարդ, նրանցից մեկը լրագրող է: Քաղաքացիական անհնազանդության արշավի շրջանակներում անցկացված բողոքի ցույցերի մասնակիցները ոտնահարել են քաղաքում ավելի քան հինգ հոգու հավաքների մասին արգելքը:
Ինչպես հայտնում է «Reuters»-ը, երեքշաբթի ականատեսները հայտնել են, որ մայրաքաղաք Նայպիդոյում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է արձակել օդ՝ ցույցերը ցրելու համար:
Մի քանի օր անընդմեջ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Մյանմայում՝ երկրում զինվորականների կողմից իշխանությունը զավթելուց հետո: Երկուշաբթի Մանդալայի տասնյակ հազարավոր բնակիչներ փողոցներ են դուրս եկել: