09/02/2021 18:41
«Ծաղիկներ ձյան տակ». սցենարիստ Անահիտ Մխիթարյանի և ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր աշխատանքը գերությունից վերադարձած զինվորի մասին է (Տեսանյութ, լուսանկարներ)
Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինվորը վերադառնում է Հայաստան ու բախվում իրականությանը… Սա ոչ թե մերօրյա պատերազմի հերթական վկայություն է, այլ իրականության վրա հիմնված հեռուստասերիալի կրճատ բովանդակությունը: Սերիալի հիմքը դրվել էր Արցախյան երկրորդ պատերազմից դեռևս տարիներ առաջ: Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի և ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր աշխատանքը թեև թեմատիկ, այդուհանդերձ, ամենևին էլ պատերազմի մասին չէ, սա պատմություն է փրկության, գերությունից հետո վերածնվելու մասին:
«Միտքը վաղուց կար, տարիներ առաջ գրվել էր առաջին սերիան, անընդհատ քննարկում էինք, բայց այդպես էլ մնում էր կիսատ: Այս անգամ ստացվեց այնպես, որ երբ ես ու Ելենան նոր սյուժե էինք փնտրում, որոշեցինք հենց այս պատմությանը շունչ տալ… Սյուժեն հետևյալն է. 1994 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերի ընկած հայ զինվորը վերադառնում է Հայաստան: Վերադառնում է մի իրականություն, որն իր համար օտար է: Նա պետք է սկսի ապրել այն մարդկանց հետ, որոնք ապրել են քսանվեց տարի, իսկ ինքն այդ քսանվեց տարին չի ապրել: Պատմության ընթացքն ու զարգացումները հեռուստադիտողը կտեսնի եթերում, ես միայն կասեմ, որ փորձել ենք շատ նուրբ խոսել նաև այն մասին, որ հաճախ մենք մեր կարծիքներով ու վերաբերմունքնով, սոցցանցերում մեկնաբանություններ գրելու նորաձևությամբ կարող ենք ճակատագրեր խեղել ու հետո անցնել մեր գործերին, անգամ չկասկածելով, որ մի քանի ժամ առաջ ինչ-որ անծանոթ ու մեզ երբեք վնաս չհասցրած մարդու ենք վնասել: Հուսով եմ՝ ստացվել է», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:
«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի սցենարը գրվել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Հարցին՝ հատկապես այդ օրերին դժվա՞ր չէր անդրադառնալ թեմային, պատասխանեց.
«Պատերազմի ամենաթեժ օրերին մենք նախաձեռնեցինք ու շատ արագ նկարահանեցինք «Հերոսական նովելներ»-ը, պատմություն՝ 10 հերոսների մասին: Անասելի բարդ էր, զգացմունքերը խեղդում էին, անհնար էր առանց հուզմունքի ու լացի սցենար գրել: Ու երբ հերթը հասավ սերիալի սցենարին, զգացի՝ առավել կոփված եմ դարձել: Իհարկե, տպավորությունները թարմ էին, բայց զգացմունքներս կարողանում էի կառավարել… Կարծում եմ, որ պատերազմները երբեք չեն մոռացվում: Մենք չենք կարող անգամ տասը տարի անց մոռանալ այն, ինչ եղավ, կամ այսօրվա նման չզգալ կորուստների ցավը: Այսքան տարի անց անգամ Արցախյան առաջին պատերազմին անդրադառնալն է ցավոտ, էլ չեմ խոսում այս պատերազմի մասին»:
Սցենարիստը հավատացնում է՝ շատ էին այնպիսի տեսարանները, որոնք գրելիս ծանր ապրումներ էր ունենում: Այդ պատճառով հաճախ խորհրդակցում էր ռեժիսորի հետ՝ հասկանալու՝ արդյոք հուզմունքը չի խանգարել դրվագը լիարժեք ներկայացնելուն:
«Պատահում էր, որ այնքան մեծ հուզմունքով էի գրում, որ անմիջապես հետո տեսարանը ուղարկում էի Ելենային, որ տեսնի՝ ստացվե՞լ է, թե՞ չէ, որովհետև ինքս չէի կարողանում հասկանալ, չէի կարողանում սթափ գնահատել դա՝ որպես աշխատանք ու տեսարան», - խոստովանում է նա:
Սերիալն ունի իրականությունից վերցված սյուժետային գծեր, սակայն մատուցված է գեղարվեստական լուծմամբ: Ի դեպ, գլխավոր դերերում դերասանններ են, ովքեր 2020-ին ընտանեկան ողբերգություն ապրեցին՝ կորցնելով զավակներին. ամռանը ավտովթարի հետևանքով մահացան Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, փեսան ու երկու թոռնիկները, պատերազմի ընթացքում էլ զոհվեց դերասան Կարեն Մկրտչյանի որդին:
Նկարահանվել են նաև Անդրանիկ Խաչատրյանը, Արթուր Պետրոսյանը, Սյուզան Պապյանը, Նորայր Եղյանը, Մերի Երեմյանը և այլք:
«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի փետրվարի 15-ից: Նախնական որոշմամբ՝ բաղկացած կլինի 132 մասից:
Հատուկ սերիալի համար երաժշտություն է գրվել. ստեղծագործական կազմն աշխատել է Շահին Դաշինվարի հետ: