09/02/2021 15:32
Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի հսկողությունից դուրս հայտնված պատմամշակութային ժառանգության պահպանման գործում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ:
Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմական ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց կարևոր նշանակություն ունի:
«Հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը՝ ուղղված հետպատերազմական շրջանում հայտնված երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին խոսելով համագործակցության կարևորության մասին, փաստել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարձր է գնահատում ԿԳՄՍ նախարարության հետ տարիների համագործակցությունը: Հատկապես գնահատելի են ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում դպրոցականներին և ուսանողներին հեռավար ուսուցման գործիքներ տրամադրելու, կրթական նոր հարթակներ ստեղծելու, ինչպես նաև ապահով վերաբացման համար դպրոցներին հիգիենիկ պարագաներով աջակցելու համատեղ ջանքերը: Կրթությունը մարդկային կապիտալի կառուցման և երկրի զարգացումը խթանող շարժիչ ուժերից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին: Մասնավորապես, առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:
ՄԱԿ-ի ծրագրում թիրախային է դիտվում կրթության միջոցով բարեկեցությունը, և այդ համատեքստում կարևորվում է մարդու իրավունքների իրացումը` կրթության, այդ թվում՝ նաև մասնագիտական կրթության հասանելիության բարձրացման խթանմամբ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագրեր են նախանշվում նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, ներկայացնելով կրթության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, կարևորել է ներկայումս Հայաստանում կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկի՝ համընդհանուր ներառական կրթության զարգացմանն ուղղված համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև 2023 թվականը նախադպրոցական կրթության համակարգում անցում է կատարվելու համընդհանուր ներառականությանը:
Կողմերն անդրադարձել են նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում: Նշվել է, որ համավարակով պայմանավորված առկա ուսուցման բացակայության պայմաններում երեխաներին դպրոցական սննդի շրջանակում տրվել են սննդի տուփեր:
Խոսելով համավարակի պայմաններում կրթության շարունակականության ապահովման մարտահրավերի մասին` նշվել է, որ Հայաստանում միջազգային և տեղական կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների գործուն աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել հեռավար դասերին աշակերտների 85 տոկոս մասնակցություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ իրագործելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովմանը միտված աշխատանքները` առանձնահատուկ կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ համապատասխանաբար ԿԶՆ 4-ի և ԿԶՆ 2-ի շրջանակներում: Նա նաև տեղեկացրել է Կրթության միջազգային գործընկերությանը Հայաստանի անդամակցության մասին և վստահություն հայտնել, որ որպես դրամաշնորհային գործակալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերակատարումը լավագույնս կնպաստի ծրագրի առաջին փուլի արդյունավետ իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված այլ խնդիրներ` համագործակցության ծրագրերի հստակեցման և գործունեության ընդլայնման նպատակով: