10/02/2021 17:02
Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է. Նիկոլ Փաշինյան
Պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ, որը կքննի նախապատերազմյան շրջանը, ընթացքը, բանակցությունների ընթացը և համապատասխան զեկույցով հանդես կգա ժողովրդի առջև, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը։
«Վերջին հաշվով՝ չե՞նք ուզում քննել և ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել, պարոն վարչապետ», - հարց հնչեցրեց Մարուքյանը։
«Այս պահին պատերազմի հետ առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, վարչապետն արձագանքեց.
«Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»։
Մարուքյանն էլ նշեց՝ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա դրա լեգիտիմությունը ցածր է լինելու, քանի որ այն մեծամասամբ կազմված է լինելու իշխանության ներկայացուցիչներից։