10/02/2021 14:18
Ո՞ր դեպքերում նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելութուն կլինի. սահմանափակումները մեղմացվել են
Առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխությամբ ու լրացումներով, կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներ մեղմացվել են: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այսպես, նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում՝ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած իրականացված փոփոխություններին և մեղմացումներին՝ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև` Երևան քաղաքում: