11/02/2021 18:00
ԱՀԿ-ն չի բացառում, որ COVID-19-ն առաջացել է 2019-ի դեկտեմբերից ավելի վաղ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չեն բացառում, որ կորոնավիրուսը Չինաստանում կարող էր սկսել տարածվել մինչ 2019 թվականի դեկտեմբերը, երբ պաշտոնապես հայտարարվել է բռնկման մասին: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով փորձագետներին:
Նրանց խոսքով՝ մոտ 90 մարդ դրանից երկու ամիս ավելի վաղ հոսպիտալացվել էր ՉԺՀ կենտրոնական մասում՝ նմանատիպ ախտանշաններով:
Հաղորդվում է, որ չինացի բժիշկները հակամարմինների թեստ են անցկացրել այդ հիվանդների երկու երրորդի մոտ, սակայն, ըստ նրանց, վարակի հետքեր չեն հայտնաբերել:
Չինաստան այցելած ԱՀԿ փորձագետները կարծում են, որ հակամարմինների պարունակությունը կարող էր իջնել այնպիսի մակարդակների, որոնք հնարավոր չէ հայտնաբերել:
Միջազգային խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկը կոչ է արել շարունակել հետազոտությունների անցկացումը և Հուբեյ նահանգում 2019 թվականի աշնանը հավաքված արյան նմուշների ավելի լայն անալիզներ կատարել: