11/02/2021 11:45
2020-ին ռեկորդային թվով՝ 6 անգամ ավելի շատ վարկեր ենք տրամադրել, քան՝ 2018-ին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երկրորդ որոշման նախագիծն ընդունեց:
Դրանով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը։
Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն՝ այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0 % տոկոսադրույքով։
«2020թ. գյուղատնտեսական տարին անցավ բուռքն քննադատությունների պայմաններում, թե մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք ընդհանրապես, ոչ մի բան չեն ստանում գյուղացիները: 2020թ. մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում՝ օրինակ, 2018թ. համեմատ՝ 2020թ. տրված վարկերը 6 անգամ գերազանցել են: 2018թ. նկատմամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը 3 անգամ աճել է», - կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրել են գարնանացան ցորենի ծրագիր իրականացնել: