12/02/2021 12:20
Փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են. Մարուքյան
Փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են, խորհրդարանական ճեպազրույցում արձանագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով համացանցում տարածված հայտարարության մասին:
«Երեք օր է՝ նյութը տարածվում է: Իշխանության համար բա՞րդ է հերքելը, եթե նման բան չկա: Մինչ այս պահը չի հերքվել: Ավելին՝ անգամ պետք է քննություն իրականացվի՝ որտեղի՞ց է այդ տեքստն ընկել հայկական մեդիա դաշտ: Ես ազգային անվտանգության խնդիր էլ եմ տեսնում», - նշեց նա:
Նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն էլ մեկնաբանեց հայտարարությունում կիրառված բառապաշարը:
«Կիրառված բառապաշարով այդ թուղթը ստորագրող մարդը, պետությունը չի ստորագրել, որովհետև իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է, ընդունել է, որ շատ տարածքներ մտնում են, այսպես կոչված, Զանգելանի, որը հայկական Կովսականն է, և Կուբաթլուի, որը հայկական Սանասարն է, տարածքների կազմի մեջ: Անձամբ ես այդ տարածքներում դիրքեր եմ պահել պատերազմի ժամանակ: Դրանք Ներքին Խնձորեսկի կենսական նշանակության տարածքներն են: Ո՞վ է որոշել, որ այդ տարածքները Սանասարի կամ Կովսականի հատվածում են», - ասաց Տարոն Սիմոնյանը: