12/02/2021 11:39
Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա. Հայկ Գևորգյան
Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, Ադրբեջանի տարածքով, բայց այն ոչ մի վայրկյան չի փակվել, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը։
«Այնպես չի, որ դա պետք է չգիտեմ ինչ համաձայնագրերով լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է։ Ադրբեջանցիների կողմից ոչ մի վայրկյան այն չի փակվել», - ասաց Հայկ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է սահմանները պաշտոնապես բացվելու դեպքում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությանը, և այդ դեպքում ի՞նչ վտանգներ կարող են լինել, Հայկ Գևորգյանն ասաց.
«Այդ հարցը շատ է մանիպուլացվում։ Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, այդ առևտուրը լինում է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե սահմանները պաշտոնապես բացելու դեպքում ինչ կարող է լինել, ապա նախ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Հայաստանի սահմանները ԵԱՏմ սահմաններ են։ Հայաստանի սահմանը հատելիս թուրքական ապրանքը պետք է հանդիպի ԵԱՏՄ-ի խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին»։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն առնչվում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը։