12/02/2021 11:46
Մինչև դեկտեմբերի 18-ը կոնկրետ գործողություն է կատարվել. Տարոն Սիմոնյանը՝ համացանցում տարածված հայտարարության մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանեց համացանցում տարածված Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստը:
«Պարզվում է՝ դա գաղտնի կնքվել է դեռևս դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում», - նշեց պատգամավորը՝ բարձրաձայնելով, որ իշխանությունից պահանջում են հոդաբաշխ բացատրություն՝ ինչի մասին է խոսքը:
Սիմոնյանի խոսքով՝ հրապարակված փաստաթղթում միայն տեքստ է, հայկական կողմից ստորագրություն չկա:
«Չգիտենք՝ ինչ ուժ ունի: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիր իշխանության կողմից, ոչ միայն հակապետական ու հակազգային, այլև իրավունքի կոպիտ խախտումով ու իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Կարգավորվում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են: Մեր Սահմանադրության համաձայն՝ նմանատիպ փաստաթղթերն ուժ ստանալու համար պետք է Սահմանադրական դատարան, հետո ԱԺ մտնեն և վավերացվելուց հետո միայն կիրառական նշանակություն ունենան», - մանրամասնեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ն արդեն կոնկրետ գործողություն է կատարվել:
Սիմոնյանն ընդգծեց՝ նշված դրույթները ոչնչացնում են Արցախի ինքնորոշմանն ուղղված այն պետական քաղաքականությունը, որը վարվել է տասնամյակների ընթացքում: