12/02/2021 18:34
«Աշխարհս». Տիգրան Խանջարյանը փետրվարի 14-ին հանրությանը կներկայանա պրեմիերայով
Բելգիայում բնակվող Տիգրան Խանջարյանը սիրո տոնին՝ փետրվարի 14-ին, նոր երգով և տեսահոլովակով կներկայանա հանդիսատեսին: Aysor.am-ի հետ զրույցում երգիչը խոստովանեց՝ պրեմիերան նախատեսված էր սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված՝ հետաձգվեց:
«Երբ պատերազմը սկսվեց, իմ աչքին այլևս ոչինչ չէր գալիս, ու հետաձգեցի պրեմիերան… Երգը կոչվում է «Աշխարհս», սիրո գեղեցիկ պատմություն է ներկայացնում: Մտահղացումն իմն էր, հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է: Անհամբեր կսպասեմ հետևորդներիս գնահատականներին, նրանց կարծիքն ինձ համար շատ կարևոր է», - նշեց նա:
Տեսահոլովակը նկարահանվել է Բրյուսել քաղաքում՝ «Yuronproduction»-ի կողմից: Տեսահոլովակում նկարահանվել են Ելիզավետա Մակովիչը, Գրիգոր Սայադյանը, Միլենա Ավետիսյանը և այլք: Երգիչն ընդգծում է՝ սրտացավ, պրոֆեսիոնալ ու հարազատ թիմ էր հավաքվել, որն ամեն ինչ արեց՝ որակյալ աշխատանք ստանալու համար:
«Ներգրավված էին նաև իմ ընտանիքի անդամները: Բոլորիս նպատակը մեկն էր՝ գերազանց տեսահոլովակ նկարահանելը: Շնորհակալ եմ դերասաններին, մեր ամբողջ թիմին՝ իրենց ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար: Շնորհակալ եմ նաև «Paradise» հայկական համալիրին, որ իրենց գեղեցիկ տարածքը նկարահանման համար մեզ տրամադրեցին», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Երաժիշտների համար 2020 թվականը բավական ծանր էր. տարեսկզբին համավարակը խափանեց բոլոր ծրագրերը, տարեվերջին՝ պատերազմը:
«Բոլորիս համար 2020-ը շատ ծանր ու բարդ տարի էր: Ես ռեստորաններում չեմ աշխատում, սակայն միջոցառումների մասնակցելու բազմաթիվ հրավերներ ունեի եվրոպական տարբեր երկրներից, որոնք, բնականաբար, չեղարկվեցին: Ես Covid-ը հաղթահարեցի՝ իմ պատշգամբում երգելով», - ժպիտով պատմեց նա:
Ի դեպ, Տիգրան Խանջարյանը պատերազմի օրերին Հայաստան էր եկել՝ ռազմաճակատ մեկնելու մտադրությամբ:
«Պատերազմի թեժ օրերին անմիջապես Հայաստան եմ եկել, որպեսզի ժողովրդիս կողքին լինեմ: Ուզում էի ռազմաճակատ մեկնել, բայց քանի որ Հայաստանի քաղաքացի չէի՝ արգելեցին: Հենց այդ օրերին ծնվեց մեր հերոսներին նվիրված մի երգ, որը կոչվում է «Հայրենիքս, քո կողքին եմ»: Շատ գեղեցիկ երգ է, հեղինակը կրկին Գրիգոր Կյոկչյանն է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տիգրան Խանջարյանը: