15/02/2021 15:39
Covid-19-ի դեմ պատվաստում պահանջող երկիր մեկնող քաղաքացին ներկայում ՀՀ-ում չի կարող դիմել որևէ տեղ և պատվաստվել. ԱՆ
Ներկայում, եթե ՀՀ քաղաքացին պատրաստվում է մեկնել որևէ երկիր, որը Covid-19-ի դեմ պարտադիր պատվաստում է պահանջում, Հայաստանում չի կարող դիմել որևէ տեղ և պատվաստվել Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ նախարարությունից տեղեկացրել են նաև որ COVID-19-ի դեմ առաջին պատվաստումից երկրորդ պատվաստման միջև ընկած ժամանակահատվածը տարբեր պատվաստանյութերի դեպքում տարբեր է, օրինակ՝ «Sputnik-V»՝ 21 օր, «AstraZeneca»՝ 28 օր։
Նախարարությունից հայտնել են նաև, որ Ռուսաստանի Դաշնության COVID-19-ի դեմ «Sputnik-V» պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը բանակցային փուլում է։
Հիշեցնենք՝ Հայաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութը:
Բացի այդ, «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» նիստում քննարկվել էր COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը:
Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:
Aysor.am-ի հարցմանը, թե պատվաստանյութի առաջին խմբաքանակը ե՞րբ է սպասվում, ի՞նչ ծավալի և ո՞ւմ համար է այն նախատեսված, առողջապահության նախարարությունից պատասխանել են.
«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը ներկայում բանակցությունների փուլում է: Պատվաստանյութը առաջնահերթ նախատեսված է ռիսկի խմբերի համար»։
Հարցին, թե կամավոր կամ պարտադիր պատվաստման հավանականության մասին քննարկումներ եղե՞լ են, թե՞ ոչ, առողջապահության նախարարությունից պատասխանել են հետևյալը.
«ՀՀ-ում Պատվաստումային օրացույցով սահմանված բոլոր պատվաստումները, այդ թվում` COVID-19-ի դեմ, իրականացվում են պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով՝ պետական պատվերի շրջանակում և կամավորության սկզբունքով»։