15/02/2021 22:25
Անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Սերժ Սարգսյան
ՀՀ գործող իշխանությունները պատերազմի ժամանակ պարտավոր էին ճանաչել Արցախի անկախությունը:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը», - ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ հայկական կողմը վաղ, թե ուշ դրան հասնելու է, «բայց մենք պետք է խելամտություն ցուցաբերել և կարողանալ ճիշտ ժամանակը գտնել, մենք պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փրկենք բնաջնջումից»:
«Ես կարծում եմ, որ դա ոչինչով չէր խանգարի: Չնայած, իհարկե, այսպիսի արդյունքի պարագայում չեմ բացառում, որ կապիտուլյանտի առաջ կդնեին նաև պարտականություն, անկախությունը ետ ճանաչելու», - նշել է Սարգսյանը: