15/02/2021 22:14
Այս իշխանությունները հող չեն վերադարձրել, նրանք հող են հանձնել. Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքում մեզ համար տալու մասը երկրորդական էր, մեզ համար ստանալու մասն էր կարևոր, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես չեմ կարող համաձայնել ձեր ասած մտքերի հետ, որ այս իշխանությունները հող են վերադարձրել։ Ոչ, նրանք հող են տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Այսինքն՝ դուք տարբերություն չե՞ք տեսնում», - նշել է Սարգսյանը:
Նա ասել է, որ երբեք «ոչմիթիզական» չի եղել, և տարբեր ձևակերպումներով ասել է, որ խնդիրների լուծումը տեսնում է միայն փոխզիջումների միջոցով։
«Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Իսկ հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին: Այնպես որ, խնդրում եմ միշտ տարբերակել վերադարձնելը տալուց», - ասել է Սարգսյանը: