15/02/2021 21:28
Կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդամենը երեք անգամ է տեսել:
«Այդ կապիտուլանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին, և, ավելի ստույգ, 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, և այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին», - ասել է Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, երկրորդ անգամ հանդիպել է 90-ականների վերջին՝ դատարանում:
«Երրորդ անգամ մենք հանդիպել ենք 2018-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում։ Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել։ Նույնիսկ միջնորդավորված որևէ կապ չի եղել, և ֆիզիկապես, նորից եմ կրկնում, այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ», - նշել է Սարգսյանը:
Նա ասել է, որ ուրախ է, որ արդեն Փաշինյանի պաշտոնավարման օրոք էլ կապ չի եղել: «Ինչի համար ես ուրախ եմ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեի», - ընդգծել է Սարգսյանը:
Նա հերքել է տարածված կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանն իր նախագիծն է.
«Ինչ վերաբերում է, որ կապիտուլյանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր էր, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի։ Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ։ Նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից», - ասել է Սարգսյանը:
Երրորդ նախագահի խոսքով, կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, «մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա»։
«Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին, պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում, կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել», - նշել է Սերժ Սարգսյանը: