15/02/2021 17:30
Իսպանիայում ձերբակալել են Ինտերպոլի գործակալ ներկայացող տղամարդու
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Ալիկանտեում բերման է ենթարկել մի տղամարդու, որը հարյուրավոր կանանց լուսանկարներ էր տարածում պոռնոգրաֆիկ բնույթի կայքերում՝ առանց նրանց համաձայնության, ընդ որոմ անձնական շփումների ժամանակ ներկայանում էր որպես Ինտերպոլի գործակալ, հայտնում է գերատեսչությունը:
«Նա ներկայանում էր որպես Ինտերպոլի գործակալ, որպեսզի ծանոթությունների կայքի միջոցով հրապարակի կանանց սեռական բնույթի լուսանկարներ», - ասվում է ոստիկանության Twitter-ում:
Ձերբակալվածը 33 տարեկան է, նա ազգությամբ իսպանացի է, հաղորդում է a24.es կայքը:
Կասկածյալը ծանոթությունների կայքերում գտնում էր կանանց լուսանկարներ և զետեղում դրանք և նրանց կոնտակտները պոռնոգրաֆիկ բնույթի կայքերում: Այդ լուսանկարների հրապարակումից հետո նա կապվում էր կանանց հետ և, ներկայանալով որպես Ինտերպոլի գործակալ, հայտնում, որ լուսանկարները տեղադրվել են «օտարերկրյա մաֆիայի» կողմից, որ նրանց վտանգ է սպառնում, և անձնական հանդիպում է անհրաժեշտ՝ «ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար»:
«Կանանցից մեկը համաձայնել է անձամբ հանդիպել: Տղամարդը համոզել է նրան ինտիմ լուսանկարներ անել՝ «ստուգելու համար, որ նա հետքեր կամ սպիներ չունի, և համոզվելու, որ լուսանկարներն ինտերնետում իրենն են»: Տուժողը՝ հավատալով, որ գործ ունի իրավապահ մարմինների աշխատակցի հետ, համաձայնել է: Ավելի ուշ կասկածյալը սկսել է զանգահարել նրան և՝ սպառնալով ուղարկել այդ լուսանկարները նրա ընկերներին, պահանջել է նոր հանդիպումներ և լուսանկարներ:
Մեկ այլ կին, որը նույնպես հանդիպելու առաջարկ է ստացել, դիմել է ոստիկանություն:
Քննության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 700 կնոջ 1200 լուսանկար, որոնցից ոմանք ինտիմ են: Կասկածյալի տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են կոշտ սկավառակներ, հեռախոսներ և համակարգիչներ, զոհերի տեսանյութեր, ինչպես նաև Ինտերպոլի կեղծ փաստաթղթեր: