16/02/2021 17:56
Ընտրյալս երևանցի է, գործարար. Անի Քոչարը պսակադրությունից օրեր անց ամուսնուն ճանապարհել է առաջնագիծ. Լուսանկարներ
2020 թվականի սեպտեմբերի 25-ին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Դավիթ քահանա Սահակյանի ձեռամբ տեղի է ունեցել լրագրող, մոդել Անի Քոչարի պսակադրությունը, ինչի մասին Անին բարձրաձայնեց միայն ամիսներ անց՝ 2021 թվականի փետրվարի 14-ին: Aysor.am-ի հետ զրույցում նորահարսը խոստովանեց՝ օրը նախապես չեն ընտրել, պսակադրությունն ու ԶԱԳՍ-ի արարողությունն էլ նույն օրն են արել:
«Քանի որ անընդհատ դժբախտ իրադարձություններ էին տեղի ունենում, ու մեր արարողությունները հետաձգվում էին, որոշեցինք այլևս օր չորոշել: Եկավ մի պահ, որ հասկացանք՝ ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է մեր միությանը, ու որոշեցինք շատ փոքրիկ միջոցառում անել, որին ներկա կլինեն միայն ամենամտերիմները: Քանի որ չէինք ուզում, որ մեր միությունը հանրայնացվի, նախապես բոլորին խնդրել էինք, որ սոցցանցերում նկարներ չտեղադրեն ու ինֆորմացիա չտարածեն: Ամեն ինչ կազմակերպել ենք մի քանի օրվա ընթացքում», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նորապսակներն ամուսնացել են հանքարդյունաբերող Հայկ և Նարի Մարտիրոսյանների քավորությամբ: Ի դեպ, Նարին Անիի վաղեմի ընկերուհին է:
Անիի ցանկությունն էր՝ ամուսնական ճամփորդության մեկնեն Արցախ (գարնանն էլ այնտեղ են եղել), սակայն այդ տարբերակն այնքան էլ ամուսնու սրտով չէր: Հարսանիքի օրն անակնկալ եղավ. իմացան, որ COVID-19-ով պայմանավորված փակ սահմաններն արդեն բացվել են, թռիչքներն արդեն թույլատրվում են…
Սեպտեմբերի 26-ի երեկոյան արտերկիր հասած նորապսակները լուսաբացին արթնացան գույժ հայտնող հեռախոսազանգից՝ Հայաստանում պատերազմ է:
«Ամուսնուս ընկերները զանգահարեցին ու ասացին՝ պատերազմ է սկսվել: Փաստորեն, եթե մեր հարսանիքի օրը 1-2 օր ուշ նշանակեինք, այն կրկին կչեղարկվեր… Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ: Մենք վերադարձանք Հայաստան, ու ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ: Այդ մասին նրա ընտանիքի անդամները չիմացան, ընտանիքից միայն ես գիտեի այդ պահին: Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն՝ հնարավոր էր... Բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա», - վերհիշում է զրուցակիցս:
Օրեր առաջ նրանց Տեառնընդառաջն էր, սակայն ո՛չ այդ միջոցառումը, ո՛չ էլ պատերազմից հետո որևէ առիթ ամուսինները չեն նշել, այդ թվում՝ իրենց ծննդյան տարեդարձները:
«Չեմ դատում ու մեղադրում նրանց, ովքեր կարողանում են հիմա ուրախանալ, միջոցառումներ կազմակերպել կամ այդ միջոցառումներին ներկա գտնվել: Բայց ես չեմ կարող՝ սիրտ չկա, ցավն ու սուգը շատ մեծ է, աչքիս ոչինչ չի գալիս», - նկատում է նա:
Թեև Անի Քոչարը նախընտրում է անձնական կյանքը չհանրայնացնել, սակայն չթաքցրեց՝ ընտրյալը երևանցի է, հայ է, մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց գործարարությամբ է զբաղվում:
«Ես հիմա փորձում եմ անձնական կյանքս փակ պահել ու լուռ երջանիկ լինել: Մենք Հայաստանում ենք ծանոթացել, մեր սիրո պատմությունն այստեղ է սկիզբ առել: Ընտրյալս շատ համարձակ, խոհեմ անձնավորություն է, գիտեր, որ դյուրին ընտրություն չի կատարել, բայց սերն ամեն ինչ հաղթահարում է և ունակ է ամեն փորձություն պատվով հաղթելու: Կարծում եմ՝ այն, ինչ ասեցի նրա մասին՝ առավելագույնն է, ավելի չեմ անկեղծանա», - ժպիտով ընդգծում է նա:
Հետաքրքրվեցինք նաև՝ ընտանիքում համալրում արդեն իսկ սպասվո՞ւմ է, թե՞ դեռ ոչ.
«Հայերս բացարձակ այլ պատկերացում ունենք ընտանիքի ամբողջականության վերաբերյալ, հայ ընտանիքներում երեխայի հանգամանքը շատ կարևոր է: Բնականաբար, մենք նույնպես բալիկ ունենալու շա՜տ մեծ ցանկություն ունենք: Պետք է ապավինել Աստծուն: Իմ հույսը Տեր Աստված է, և ես կարծում եմ, որ իմ հավատը հերթական անգամ ինձ կօգնի ու ամոթով չի թողնի: Մենք անպայման ձագուկներ կունենաք: Ես միշտ երազել եմ յոթ երեխայի մասին, բայց այս պարագայում, եթե նրանք նույնիսկ երկուսը լինեն՝ ուրախ կլինենք»:
Անի Քոչարն այժմ աշխատում է նաև իր «Հանձնվել չկա» գրքի աուդիոտարբերակի վրա: