16/02/2021 14:17
Հայաստանը կործանիչների հանգույցներ է ստեղծել, Ռուսաստանի հետ համագործակցությունը կամրապնդեր մեր ներուժը. Ռադիկ Մարտիրոսյան (Տեսանյութ)
Մենք պետք է շարունակեինք ընդգրկվեինք պաշտպանության ամրապնդման խնդիրներին միտված ծրագրերում, կարծում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդպիսի փորձ ունեցել ենք:
Նրա խոսքով՝ Սովետական Միության կազմում լինելու տարիներին մեր գիտությունը, նաև տեխնիկական միտքն առնչվում էր Ռուսաստանի այնպիսի ծրագրերի հետ, որոնք միտված էին երկրի պաշտպանությանը:
«Օրինակ՝ ժամանակին պարզվեց, որ կործանիչի նշանառու համակարգի ճշգրտությունը կարելի է մեծացնել: Այդպիսի պատվեր մեր գիտությունն ունեցավ և փայլուն եղավ: Մեր խնդիրը ոչ թե կործանիչ, այլ կործանիչի վրա մեկ հանգույց ստեղծելն էր, որն ապահովում էր կործանիչի գործունեության ճշգրտությունը», - պատմեց նա:
Մարտիրոսյանը համոզված է՝ եթե նմանօրինակ ծրագրերում շարունակեինք համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես սովետական շրջանում էր, հնարավոր էր՝ համապատասխան ծրագրերին մասնակցեինք, ինչը մեր ներուժն ամրապնդելու հնարավորություն կտար՝ ցանկացած ռազմական իրադրության պայմաններում: