16/02/2021 21:24
2018-2020 թվականներին Հայաստանը պետք է ձեռք բերեր 1000-ից ավելի անօդաչու, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, որ Ապրիլյան պատերազմից հետո հաստատվել էր 2018-2024 թվականների համար Զինված ուժերի զարգացման պլան:
Նրա խոսքով, այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները կային՝ 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլնը այլ բյուջետային միջոցներ:
«2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք», - ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ այդ գործարքները չեն իրականացվել:
«Ընդ որում 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, դրանք և հարվածային էին, և հետախուզական, և, պայմանավորված արժեքից, 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու: Բայց ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ հաստատապես փոխվեց, «Տոր» համալիրներ ձեռք երելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով», - ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով ՍՈՒ-30 ինքնաթիռների գնմանը, ՀՀ երրորդ նախագահն ասել է. «Բա որ գնեցիք, հետո օգտագործեցի՞ք: Սպառազինությունը գնելն էլ է արվեստ: Հենց այնպես չես կարող նպատակ ունենալ դրանով PR անել, քաղաքական հարցեր լուծել, մտածելով, որ տեսեք-տեսեք՝ նախկինները «Իսկանդեր» էին բերել, մենք՝ ՍՈՒ-30 ենք բերում, նախկինները 80-ականների զենք են բերում, մենք էլ նոր ՍՈՒ-30 ենք բերում: Քանի՞ անգամ թռավ ՍՈՒ-30-ը, այո, այն թռավ մեկ անգամ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, այն էլ... ուղղակի ամեն ինչ ասել են տալիս, թռավ, այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպված եմ եղել խնդրել իմ գործընկերներից մեկին, որպեսզի զանգի ՊՆ և ասի՝ այդ հիմարությունը մի արեք, մենք տեսնում ենք, որ այդ ինքնաթիռը առանց սպառազինության է թռնում, առանց սպառազինության ո՞ւր եք թռնում: Ես ինքնաթիռի վրա սպառազինություն չեմ տեսել, այնուհետև իրենք, զինվորականներն ասացին, որ սպառազինություն չկար»: