16/02/2021 11:25
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19-ի ևս մեկ տարբերակ
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա, որն արդեն տարածվել է, ընդհանուր առմամբ, 10 երկրում: Այս մասին երկուշաբթի հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շոտլանդացի գիտնականների ուսումնասիրությանը:
Գիտնականների կարծիքով՝ տարբերակը տարբերվում է փշաձև սպիտակուցի մուտացիայով, որն օգնում է վիրուսին հյուսվածքներ մտնել: Ենթադրվում է, որ վիրուսի նման փոփոխությունը թույլ է տալիս նրան ավելի լավ խուսափել մարմնի կողմից արտադրվող չեզոքացնող հակամարմիններից: Նույն մուտացիան ավելի վաղ հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում:
Այս ֆոնին շոտլանդացի փորձագետները երկրի իշխանություններին հորդորել են ավելացնել COVID-19-ի թեստավորումների քանակը երկրի այն տարածքներում, որտեղ արդեն հայտնաբերվել է նոր տարբերակ: