17/02/2021 09:40
Նախօրեին հայկական կողմին վերադարձված 106 աճյունը եղել է նախապես հուղարկավորված. դիերը փոխանցվել են արտաշիրիմումից հետո
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողի ևս 106 աճյուն:
Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:
Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում (առօրյա խոսակցականում՝ морг) է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է: