17/02/2021 12:38
Հնդկաստանում կապիկներն առևանգել են երկու նորածնի և սպանել նրանցից մեկին
Հնդկաստանի Թանջավուր քաղաքում վայրի կապիկները տնից առևանգել են երկու նորածին երկվորյակների, որոնցից մեկին ավելի ուշ մահացած են գտել: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Նշվում է, որ նորածիններն ընդամենը ութ օրական էին: Նրանք մնացել էին առանց հսկողության, քանի որ հայրը գնացել էր աշխատանքի, իսկ մայրը կարճ ժամանակով դուրս եկել բակ: Այդ պահին մի քանի կապիկ անցք է բացել տան տանիքում և առևանգել երեխաներին:
Նորածինների մայրը և շուտով հարևաններն աղմուկից մտել են տուն: Նրանք տանիքում կենդանու թաթերի մեջ նկատել են նորածիններից մեկին: Կապիկին հաջողվել է քշել, իսկ երեխան փրկել: Միևնույն ժամանակ, կենդանիները երկվորյակից երկրորդին տարել են իրենց հետ:
Ավելի ուշ մահացած աղջկան գտել են ջրանցքում:
Դեպքի առթիվ անտառտնտեսության վարչության ներկայացուցիչներին ուղարկել են քաղաք կապիկներին բռնելու համար: