17/02/2021 17:38
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայանում է չորս նոր գրքերի շնորհանդեսներով
Փետրվարի 19-ին՝ ժամը 18։30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Հայկ Սիրունյանի «Ադամամութ» գրքի շնորհանդեսը, որով կազդարարվի նաև նոր՝ «Արդի» մատենաշարի սկիզբը։ Մատենաշարի շրջանակներում ներկայացվելու են նաև Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» և Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» գրքերը։
Հայկ Սիրունյանի «Ադամամութ» ժողովածուն ներառում է երիտասարդ հեղինակի բանաստեղծություններն ու էսսեները։ Չնայած նրա երիտասարդ տարիքին՝ ժողովածուն ընդգծում է Սիրունյանի ասելիքը, իսկ ուրույն ձեռագիրը կանխորոշում է, որ իր արժանի տեղն է զբաղեցնելու հայ ժամանակակից գրականության մեջ։ Գրքում հեղինակը հմտորեն կարողացել է կամուրջ ստեղծել հայ գրականության դասական ավանդների և արդի բանաստեղծական մոտեցումների միջև։
Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես կգա գրքի խմբագիր Սերժ Սրապիոնյանը, կհնչեն «Ադամամութ» ժողովածուի ստեղծագործություններից: Երեկոյի երաժշտական մասը կապահովի «Կտոր» խումբը՝ կատարելով հեղինակի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
Ի դեպ, այդ օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող ցուցահանդես-վաճառքի ընթացքում կարելի է ձեռք բերել նաև հրատարակչության մյուս գրքերը։ Դրանց թվում է նաև Վահագն Դիլբարյանի նոր լույս տեսած երկրորդ գիրքը՝ «101 բիզնես գաղտնիքները»՝ 101 նոր, մոտիվացնող պատմություններով ու հաջողության հասնելու գաղտնիքներով։ Գրքում ներկայացված հաջողակ գործարարների ու ընկերությունների անցած ուղին, կիրառած հնարքներն ու կայացրած արդյունավետ որոշումներն անփոխարինելի ուղեցույց են բիզնեսով հետաքրքրվող ու նախաձեռնող բոլոր մարդկանց համար։