18/02/2021 11:15
ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունը ետճգնաժամային վերակագնման առաջին նշաններն է ցուցադրում:
«Փետրվար ամսվա առառջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան՝ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով:
Ըստ Փաշինյանի՝ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները:
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ», - ասաց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ 31,4 միլիարդ աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորտենրին:
«Աճել են և մեծածախ, և մանրածախ ոլորտները», - ասաց ՊԵԿ նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր ու սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն: