18/02/2021 16:43
Իսպանիայում ավելի քան 60 մարդ է վիրավորվել դատապարտված ռեփերին աջակցելու ցույցերի ընթացքում
Առնվազն 63 մարդ է վիրավորվել չորեքշաբթի Մադրիդում և Կատալոնիայում ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որը դատապարտվել էր ահաբեկչությունը փառաբանելու և թագը վիրավորելու համար: Այս մասին հինգշաբթի Twitter-ում հաղորդել են տեղական բժշկական ծառայությունները:
Իսպանիայի մայրաքաղաքի Պուերտա դել Սոլ կենտրոնական հրապարակում սկսվել է կատարողին աջակցող ցույցը, որը վերաճել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Ինչպես նշված է Մադրիդի բժշկական օգնության ծառայությունում, 55 մարդ վիրավորվել է, որոնցից 35-ը ոստիկանության աշխատակիցներ են: Եվս ութ մարդ վիրավորվել է Կատալոնիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:
Չորեքշաբթի երեկոյան Իսպանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ թագավորության մայրաքաղաքում, ցույցեր են անցկացվել ի պաշտպանություն ձերբակալված ռեփերի: Ցույցերի ընթացքում ագրեսիվ ցուցարարների խմբերը տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ուղղությամբ, հրկիզել աղբի տարաներ, բարիկադներ տեղադրել, վնասել քաղաքի գույքը:
Արդյունքում ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, Իսպանիայում ձերբակալվել է մոտ հիսուն մարդ: