19/02/2021 15:08
ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է Վրաստանի կառավարությանն ամրապնդել իր նվիրվածությունը ժողովրդավարությանը
ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Վրաստանում քաղաքական ճգնաժամի կապակցությամբ: Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում վերջին քաղաքական զարգացումներով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սրել լարվածությունը կամ հանգեցնել բռնության:
Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում գործել իր եվրաատլանտյան նկրտումների համաձայն և ամրապնդել իր նվիրվածությունը ժողովրդավարության, անհատական ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին՝ ապահովելով, որ իր դատական և դատախազական համակարգը զերծ լինի քաղաքական կողմնակալությունից:
Ամերիկան աջակցում է ժողովրդավարական, անվտանգ և բարեկեցիկ Վրաստանին: Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի՝ մեր ռազմավարական գործընկերոջ հետ, խթանել օրենքի գերակայությունն ու հաշվետու ինստիտուտները», - ասվում է ԱՄՆ ԱԳՆ հայտարարության մեջ:
Վրաստանում քաղաքական ճգնաժամը կտրուկ սրվել է՝ պայմանավորված իշխանությունների՝ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու մտադրությամբ:
Խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախագահն անցնում է 2019 թվականի հունիսի 20-ին անկարգություններ կազմակերպելու գործով: