19/02/2021 16:18
Իսպանիայում դատապարտված ռեփերի ձերբակալման դեմ ակցիաների ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել
Առնվազն 16 մարդ բերման է ենթարկվել հինգշաբթի Իսպանիայում ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որը դատապարտվել էր ահաբեկչությունը փառաբանելու և թագը վիրավորելու համար:
Ըստ կատալոնական ոստիկանության Twitter-ի՝ «Բարսելոնայում, իրարանցման և վանդալիզմի երրորդ անընդմեջ գիշերը, ութ ձերբակալություն է կատարվել հասարակական կարգը խախտելու համար»: Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ ցուցարարներն այրել են աղբի տարաներն ու մոտոցիկլները, վնասել քաղաքի գույքը, շշեր ու քարեր նետել ոստիկանության ուղղությամբ: Ինչպես Twitter-ում պարզաբանում է կատալոնական բժշկական ծառայությունը՝ Բարսելոնում ակցիայի ընթացքում առնվազն վեց մարդ է վիրավորվել:
Ըստ Europa Press գործակալության՝ Վալենսիայում ևս ութ ցուցարար է բերման ենթարկվել, մեկ մարդ վիրավորվել է: Ռեփերին աջակցելու գործողություններն Իսպանիայի որոշ այլ քաղաքներում վերաճել են անկարգությունների:
Երեքշաբթի և չորեքշաբթի, երկրի տարբեր բնակավայրերում բողոքի ցույցերի ընթացքում, ցուցարարները նաև բարիկադներ էին տեղադրել, հրկիզել աղբի տարաներ, տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա, ի պատասխան ոստիկանությունը ստիպված էր ուժ կիրառել:
Արդյունքում անկարգությունների տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են: