20/02/2021 16:23
Իշխանության «բախտը բերել է», որ իրավագիտակցություն ունենք և պետական շահը միշտ ավելի բարձր ենք դասում. Վանեցյան
Իշխանության «բախտը բերել է», որ մենք ունենք իրավագիտակցություն և պետական շահը միշտ ավելի բարձր ենք դասում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Քաղաքացիները մեզ մեղադրում են կտրուկ գործողություններ չանելու մեջ, որովհետև հասկանում ենք, որ չի կարելի անցնել օրենքը և Սահմանադրությունը, քայլերը պետք է անենք սահմանադրական ճանապարհով», - ասաց նա՝ կոչ անելով չհուսահատվել:
Վանեցյանի խոսքով՝ 100 տոկոսով երկիրը փրկելու են արհավիրքից:
«Հայրենիք» կուսակցության նախագահը նաև նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները յուրաքանչյուր օր փորձում են ավելի կառչել իրենց աթոռներից:
Նշելով վիրավորների, գերեվարված, անհետ կորած անձանց, զոհերի հանգամանքը՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ որևէ հարց չի լուծվում:
Նրա խոսքով՝ փոխարենը իշխանությունը օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմախոսներին:
«Հասկանում եք՝ ինչ անձնական զգացողություններ ունեմ ԱԱԾ-ն նման նպատակի համար օգտագործելու համար:
Ասում են՝ իշխանությանը վիրավորած ինչ-որ ֆեյքի վարողներն իբր Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն է: Նրանց ճանաչողները գիտեն՝ անհնար է նման գործողություն անեն: Նրանք իրենց կարծիքներն իրենց դեմքով արտահայտելու համարձակություն ունեն, ինչպես որ միշտ արել են: Ֆեյքերի հետևում թաքնվելն իշխանության գործելաոճն է», - ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ գործը շնծու է: