21/02/2021 14:02
Հույս ունեմ, որ դատարանները բարձրության վրա կգտնվեն. Արման Սաղաթելյանն՝ Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին կալանավորելու մասին
«Քառյակ» մեդիայի համահիմնադիր Արման Սաղաթելյանը դժվարանում է ասել՝ արդյոք Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի գործերով որոշումներ կայացնելիս դատարանները կգտնվեն իրենց բարձրության վրա։
«Ամեն դեպքում հույս ունեմ, որ կգտնվեն բարձրության վրա, որովհետև, ի տարբերություն իրավապահ համակարգի, որն ամբողջությամբ վերածվել է ռեպրեսիվ համակարգի, դատական համակարգում պարբերաբար տեսնում ենք բավականին ողջամիտ լուծումներ և վարքագիծ։ Դա այն ինստիտուտն է, որ առայժմ կարող ենք համարել, որ փորձում է հակադրվել այս քաղաքական պատվերներն ու էժանագին շոուները սպասարկելու գործընթացին, և ամեն դեպքում փորձում է զերծ մնալ այդ ամենից», - դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սաղաթելյանը։
Նա նշեց՝ դժվար է որևէ բան կանխատեսել, քանի որ գործընթացները վաղուց են դուրս եկել որևէ տրամաբանության, ողջամտության սահմաններից։
«Սա միանշանակ ընդունում եմ որպես քաղաքական ճնշումների գործընթաց։ Փորձում են լռեցնել, մեկուսացնել այդ մարդկանց», - ասաց Արման Սաղաթելյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։