21/02/2021 12:20
Դատարանի նախագահը միջամտում է անձի ազատության հետ կապված վարույթներին. Իրավապաշտպանը շոկային ու անթույլատրելի է համարում դեպքը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համար շոկային էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ «Կանաչ ապագա» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի երեկվա գրառումը։
Ըստ այդ գրառման՝ Արթուր Մկրտչյանը երեկ «Տրիումֆ» սրճարանում հեռախոսի մեջ գոռում էր՝ «ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»։
Նկատենք՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննելու է Ազգային ժողովի ախատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալման դեմ բողոքները։ Մինչ այդ, դատարանը գիշերը որոշում է կայացրել կալանավորել Սաղաթելյանի ու Բեքարյանի հետ նույն գործով ձերբակալված Արամ Սարգսյանին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայատնել Վահագն Վարագյանից, որովհետև համարձակություն է պահանջում նման փաստ հրապարակելը, մենք կանխատեսում ենք, որ, մեղմ ասած, քաշքշուկների մեջ կընկնի Վարագյանը, բայց դա շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչպիսի իրականություն ունենք ու այդ իրականությունը ուղղելու ու իրավունքի գերակայության ճանապարհ վերադարձնելու ճիշտ ճանապարհային քարտեզ ունենանք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ պատրաստվում է այսօր հանդիպել Վահագն Վարագյանին ու ներկայացնեն հանցագործության մասին հաղորդում։
Իրավապաշտպանն ասում է, որ այստեղ առկա է առևերույթ փաստ այն մասին, որ դատարանի նախագահը միջամտում է անձի ազատության հետ կապված վարույթներին։
«Սա բացարձակապես անթույլատրելի է։ Մենք չմոռանանք, որ խոսքը վերաբերում է մի պաշտոնատար անձի, որն ունի գործերի բաշխման որոշակի լիազորություններ ու այստեղ էլ կարելի է մտածել՝ արդյոք այդ լիազորությունները պատշաճ են իրականացվում, թե չարաշահվում են։ Մենք գործ ունենք մի բանի հետ, երբ անձին ազատությունից զրկելու պատճառը ոչ թե ենթադրյալ հանցանքի կատարումն է, այլ ինչ-որ պաշտոնատար անձի, տվյալ դեպքում, ԱԱԾ տնօրենի նկատմամբ արտահայտություններն են։ Ես կարծում եմ ՝ մեր երկրում թե երկրի ղեկավարի պաշտոնը դեռևս զբաղեցնող, և թե նրա մանկլավիկները հանդիսացող բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հայհոյախառն արտահայտություններ անում են եթե ոչ բնակչության մեծամասնությունը , ապա շատ ստվար զանգված ու եթե դա է սկզբունքը, ապա պիտի մի քանի նոր քրեակատարողական հիմնարկներ բացենք», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց՝ չի կարելի այս դեպքը համարել փաստ, որը չեզոքացնում է բոլոր դատավորներին։
«Բայց սա լրջորեն հարվածում է դատական իշխանոթյան հեղինակությանը ու հասկանալի է դարձնում, թե ինչու է իշխանությունը ձգտում ստեղծել գրպանային դատավորների մի նոր կառույց, որի պարագայում նմանաբնույթ խնդիներ չեն էլ ծագի, կարիք էլ չի լինի ինչ-որ դատարանի նախագահ զանգի ու իրավաչափ որոշում կայացնելու նախնական մտադրություն ունեցող դատավորի վրա ճնշում գործադրի», - ասաց Մելիքյանը։
Իրավապաշտպանը չի կարող ասել՝ այս գործին անձամբ միջամտո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն որևէ պատճառ էլ չկա հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իրավունք չունի միջամտել դատարանների գործերին։
«Որովհետև նրա պաշտոնավարման ժամանակահատվածը ցույց է տվել, որ ուղղակի ավելի վատ պաշտոնատար անձ դժվար է պատկերացնել, շատ հավանական է, որ իր անվտանգության ծառայության միջոցով, որովհետև մենք այլևս չունենք ՀՀ ազգային անվանգության ծառայություն, ունենք Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման անվտանգության ծառայություն , այդ կառույցի միջոցով միջամտի», - հավելեց Ռուբեն Մելիքյանը։